Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ հանձնաժողովի նիստում

19/10/2023 Նորություններ

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է  ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Օրենքում առաջարկվող լրացումը բխում է համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով պետական գույքի տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից։

Ա. Ավետիսյանը նշել է՝ հաշվի առնելով, որ օրենքով չի կանոնակարգվում համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը՝ առաջարկվում է օրենքը լրացնել 5.1. հոդվածով, համաձայն որի՝ Կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք։

Հիմնական զեկույցից հետո Ա. Ավետիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ինչպես բուն օրենքի նախագծին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կացարաններով ապահովելու հարցին։ Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ մեր հայրենակիցներին կացարաններով ապահովելու գործում Կառավարության հետ քննարկումների արդյունքում և ըստ անհրաժեշտության օգտագործվել է պետական սեփականություն հանդիսացող ողջ գույքի ներուժը։

Հարցը ստացել է դրական եզրակացություն և կընդգրկվի առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։

Լուսանկարները՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության