Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Հրապարակումների արխիվ

Մասնավորեցման ծրագրի ցանկում լինելը չի նշանակում, թե «Հայֆիլմը» անպայման պետք է մասնավորեցվի. Ն. Բաբայան

06/08/2018 Հրապարակումներ

«Այն, որ այսօր «Հայֆիլմը» մասնավորեցման ծրագրի ցանկում է, դեռևս չի նշանակում, թե այն անպայման  պետք է մասնավորեցվի: Համակողմանի քննարկումների արդյունքում պետք է ընտրվի ամենաօպտիմալ տարբերակը»,- այս մասին նշել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, կինոյի ոլորտի ոլորտի մոտ երեսուն  ներկայացուցիչներ հետ հանդիպման ժամանակ։

Պետգույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու գերատեսչության այլ ներկայացուցիչներ:

Հայկական կինոյի ու «Հայֆիլմի»  ճակատագրով մտահոգ մասնագետները բարձրացրել են ընկերության կարգավիճակի, ներդրումների ներգրավման,  պետական աջակցության հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանել են Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն ու Մշակույթի նախարարը,  պարզաբանումներ ներկայացրել ներկա իրավիճակի վերաբերյալ, վստահեցրել, որ կինոստուդիային առնչվող որևէ որոշում չի կայացվի՝ առանց հանրային քննարկման: 

Նարեկ Բաբայանը փաստել է. «Շուրջ 25 հա զբաղեցնող տարածքում «Հայֆիլմի» շենք-շինությունները  17հազ. ք/մ են  կազմում և նման  հսկայական տարածքի պահպանության, առավել ևս զարգացման համար պահանջվող ներդրումները հսկայական են: Ակնհայտ է, որ պետությունն այսօր չունի այնքան միջոցներ, որ կարողանա միլիոնավոր դոլարների չափով գումարներ ուղղել ընկերության վերակենդանացմանը»:

Կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հավելել է, որ առաջարկվող ցանկացած տարբերակ պետք է հիմնավորված լինի և կանխատեսելի՝ լուծումից ակնկալվող արդյունքը:

Ընկերության ներկայացուցիչները քննարկման մասնակիցներին պատմել են, որ ունեն ընդամենը 14 աշխատակից, որից 5-ը՝ անվտանգության գծով, սակայն կինոստուդիայում փորձում են պահպանել ու փրկել,  ինչ հնարավոր է: Ըստ նրանց, բոլոր այն ստորաբաժանումները, տաղավարները, որ այսօր պահանջարկված են, գործում են և կարող են շատ ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել՝ պատվերների առկայության դեպքում: Այս հարցում ակնկալում են նաև Մշակույթի նախարարության աջակցությունը, որպեսզի կարողանան ավելացնել ինքնաֆինանսավորումը:

 

Նարեկ Բաբայանը հորդորել է զրուցակիցներին՝ հստակ առաջարկություններ ներկայացնել, վստահեցրել, որ  բոլորը կքննարկվեն Մշակույթի նախարարության հետ միասին: