Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536

Կանոնադրություն

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի հուլիսի 28-ի

38 -Լ հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

I. Ընդհանուր դրույթներ

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) ենթակա մարմին է:
  2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
  3. Կոմիտեն գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
  4. Կոմիտեի անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե,

2) ռուսերեն`  Комитет по управлению государственным имуществом Министерства  территориального управления и инфраструктур Республики Армения,

3) անգլերեն` Committee of State Property Management by the Ministry of Territorial Administration and Infrastructure of the Republic of Armenia,

4) ֆրանսերեն՝ Comité de gestion des biens d'Etat de la République de l'Armenie par le ministère de l’administration territoriale et des infrastructures:

  1. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Կոմիտեն ունի խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
  2. Կոմիտեի կառուցվածքում ընդգրկված են կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, կոմիտեի նախագահի օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:
  3. Կոմիտեին կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, պետական հիմնարկներ՝ առանց հիմնադրի իրավասությունների փոխանցման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
  4. Կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են վերապահվել պետական բաժնետոմսերի և բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
  5. Կոմիտեի գտնվելու վայրն է՝ քաղ. Երևան, Տիգրան Մեծի պող., 4:

II. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Կոմիտեի նպատակներն են`
  • պետական գույքի կառավարման (այդ թվում՝ հաշվառման, մասնավորեցման, օտարման, լուծարման, օգտագործման, սպասարկման) գործընթացի արդյունավետության մակարդակի շարունակական բարձրացումը․
  • պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման և ծառայությունների մատուցման շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը և գույքի հանրային օգտակարության բարձրացումը․
  • պետական գույքի գույքագրումը, էլեկտրոնային հաշվառումը և գրանցամատյանի ամբողջական վարումը, ինչպես նաև պետական մարմինների և հասարակության լայն շրջանակի համար հաշվառման տվյալների հասանելիության ապահովումը.
  • պետական անշարժ գույքի մշտադիտարկման և վերլուծության իրականացումը, դրա արդյունքների կիրառման շնորհիվ կառավարման որակի բարելավումը և գույքի օգտագործման արդյունավետության մակարդակի բարձրացումը.
  • պետական գույքի ծրագրային կառավարման բարեփոխումը, մասնավորապես, պետական գույքի եռամյա իրատեսական ծրագրերի մշակումը և իրականացումը, ինչպես նաև գույքի ներգրավմամբ խոշոր սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերի իրականացումը.
  • պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության մշտադիտարկման, վերլուծության և գնահատման արդյունքների շնորհիվ կառավարման ոլորտում հիմնավորված որոշումների ընդունումը և կազմակերպությունների արդյունավետության մակարդակի բարձրացումը․
  • պետական գույքի կառավարման ոլորտում պետություն-մասնավոր հատված փոխշահավետ գործընկերության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, պետական գույքի ու մասնավոր ներդրումների ներգրավման միջոցով համատեղ տնտեսական գործունեության իրականացումը.
  • պետական գույքի կառավարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով հասարակության գործարար մասի մասնակցության ապահովումը.
  • պետական գույքային հարաբերությունների կարգավորման շարունակական բարեփոխումը:
  1. Կոմիտեի խնդիրներն են՝
  • պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կառավարման բնագավառում կատարման տեսանկյունից իրատեսական և վերջնական դրական արդյունքների ձեռք բերման տեսանկյունից արդյունավետ հեռանկարային գործարար ու ներդրումային ծրագրերի մշակումը և իրականացումը.
  • պետական գույքի մասնավորեցման, օտարման, վարձակալության, անհատույց օգտագործման տրամադրման ընթացակարգերի շարունակական պարզեցումը, վարչարարության կրճատումը, գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովումը․
  • պետական գույքի գրավչությունը և վաճառքի ու օգտագործման տրամադրման խթանումն ապահովելու նպատակով պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման գործընթացում առավել գործուն և արդյունավետ գործիքակազմի կիրառումը․
  • չօգտագործվող կամ նպատակային ու արդյունավետ չօգտագործվող պետական գույքի առանձնացումը և օգտագործման միջոցով հանրային օգտակարության բարձրացումը.
  • պետության գործառույթների համար անհրաժեշտ և օտարման ոչ ենթակա պետական գույքի կազմի և ճիշտ (նախընտրելի) կառուցվածքի սահմանումը․
  • պետական գույքի հաշվառման և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության մշտադիտարկման բնագավառում արդիական գործիքակազմի ներդրման ապահովումը.
  • պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման որակի բարելավման և անհրաժեշտ ներդրումների ներգրավման նպատակով կոնցեսիոն և հավատարմագրային կառավարման հանձնումը․
  • պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիների բացահայտման նպատակով պետական գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման և վերլուծության արդյունավետ գործիքակազմի ներդրումը։
  • պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքներից ելնելով ղեկավար անձնակազմի կատարված աշխատանքի խրախուսման և պատասխանատվության ենթարկելու բնագավառում նոր գործիքակազմի ներդրումը:

III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  1. Կոմիտեի գործառույթներն են`

1) իրականացնում է իրեն ամրացված (հանձնված) պետական գույքի (այդ թվում՝ իր ենթակայությանը հանձնված բաժնետոմսերի) կառավարումը և չամրացված (չհանձնված) պետական գույքի կառավարման համակարգումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին (այսուհետ՝ նախարար) ներկայացնում է առաջարկություններ պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, ինչպես նաև առանձին տարածքների արդյունավետ օգտագործման, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի ճանաչման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ․

3) իրականացնում է իրեն ամրացված պետական գույքի գույքագրումը և համակարգում այլ պետական համակարգի մարմիններին ամրացված պետական գույքի գույքագրման աշխատանքները և նախարարին ներկայացնում է հաշվետվություններ պետական գույքի գույքագրման արդյունքների և վիճակի փոփոխությունների վերաբերյալ․

4) իրականացնում է պետական գույքի էլեկտրոնային հաշվառումը և դրա միջոցով հավաքված տվյալների և տեղեկությունների հիման վրա վարում է պետական անշարժ գույքի գրանցամատյանը և ապահովում է պետական համակարգի մարմիններին և հասարակության լայն շրջանակներին հաշվառման տվյալների հասանելիությունը.

5)ապահովում է պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքերն ու շինությունները (տարածքները) իր տնօրինությանն ընդունելու գործընթացի կազմակերպումը,

6) կազմակերպում է պետական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, ճշտման, դադարման, իրավունքների գրանցման վկայականների ուղղման, ինչպես նաև անշարժ գույքի առանձին միավորների բաժանման աշխատանքների իրականացումը.

7) պետական գույքի կառավարման բնագավառում համագործակցում է միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների հետ․

8) պետական գույքի կառավարման ոլորտում աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ու ներդրումային ծրագրերի մշակմանը և դրանց իրագործմանը.

9) մշակում և նախարարին է ներկայացնում պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրը, դրա կատարման արդյունքների մասին կազմում և նախարարին է ներկայացնում տարեկան հաշվետվություն, ինչպես նաև իրականացնում է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների ամփոփումը․

10) մշակում և նախարարին է ներկայացնում պետական գույքի մասնավորեցման ծրագրերի, դրանցում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը․

11) կազմում և նախարարին է ներկայացնում մասնավորեցման ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունները․

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատած պետական գույքի մասնավորեցման և օտարման նախապատրաստական աշխատանքները, ադ թվում նաև գույքային առանձնացումները.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում մասնավորեցման և օտարման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ, վարձում է փորձագետներ, ներգրավում է մասնագիտացված կազմակերպություններ․

14) իրականացնում է պետական գույքի մասնավորեցումը, այդ նպատակով մշակում է պետական գույքի մասնավորեցման մասին իրավական ակտեր, կազմակերպում է մասնավորեցման ձևերին համապատասխան մասնավորեցման ենթակա գույքի վաճառքը.

15) պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ կոմիտեի նախագահի հրամանի նախագծում ներառում է դրույթներ մասնավորեցվող (վաճառվող) գույքի գրավադրման ենթակա լինելու կամ չլինելու և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ,

16) կնքում է մասնավորեցման գործարքներ, վերահսկում է պայմանագրային պարտավորությունների կատարումը։ Ընդ որում մասնավորեցման համար վճարումը, այդ թվում` հերթական վճարումը, ինչպես նաև մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և մասնավորեցման պայմանագրերով նախատեսված միջոցներ.

17) քննարկում է մասնավորեցման վերաբերյալ պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները, գանգատները․

18) վերահսկում և վերլուծում է մասնավորեցման ընթացքը` այդ նպատակով տեղեկություններ ստանալով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և դատական մարմիններից․

19) կազմակերպում է մասնավորեցվող և օտարվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը․

20) իրականացնում է մասնավորեցումից, օտարումից, օգտագործման տրամադրումից և ծառայությունների մատուցումից վճարների հավաքագրման գործընթացը, այդ թվում վճարների հաշվառումը, վճարների կատարման վերաբերյալ հաշվետվությունների կազմումը, ինչպես նաև սահմանված ժամկետում և չափով վճարների կատարման նկատմամբ հսկողությունը.

21) իրականացնում է Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջենների միջև մասնավորեցումից և օտարումից ստացվող գումարների բաշխումը.

22) իրականացնում է ըստ իրացվելիության անշարժ գույքի դասակարգումը և դասակարգման արդյունքներից ելնելով մշակում է բարձր իրացվելիություն ունեցող  պետական գույքի օտարման մասին իրավական ակտերի նախագծերը և ապահովում է գույքի ներգրավմամբ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացումը.

23) նոր գործիքակազմի կիրառման շնորհիվ մշակում է դժվար իրացվելի պետական գույքի օտարման մասին իրավական ակտերի նախագծերը և կազմակերպում է օտարման ենթակա դժվար իրացվելի պետական սեփականություն հանդիսացող գույքի վաճառքը.

24) կազմակերպում է մասնավորեցվող, օտարվող և օգտագործման տրամադրվող պետական գույքի գնահատման աշխատանքների իրականացումը․

25) Կոմիտեին ամրացված և կառավարմանը հանձնված պետական գույքի օտարման և մասնավորեցման դեպքում՝ կազմում է գնահատման ելակետային տվյալների փաթեթը.

26) մշակում է պետական գույքի կառավարման (մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման և ծառայությունների մատուցման) գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր և դրանք ներկայացնում նախարարին.

27) պետական գույքի օտարման և օգտագործման տրամադրման գործընթացում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է աճուրդներ և մրցույթներ․

28) ելնելով պետական գույքի օտարման, վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման նպատակահարմարությունից մշակում է պետական գույքի օտարման, անհատույց օգտագործման և վարձակալության տրամադրման մասին իրավական ակտերի նախագծերը․

29) պետական գույքի օտարման, օգտագործման տրամադրման և ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքում է գործարքներ և գործարքներով մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն․

30) մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման և ծառայությունների մատուցման գործընթացում Հայասատանի Հանրապետության գույքային շահերը պաշտպանելու նպատակով նախապատրաստում է հայցադիմումներ ու դիմումներ և Հայաստանի Հանրապետության դատարաններում ապահովում է դատական ներկայացուցչություն, ինչպես նաև պետության գույքային շահերի պաշտպանության բնագավառում առկա խնդիրների լուծման նպատակով ներկայացնում է առաջարկություններ.

31) իրականացնում է անհատույց օգտագործման տրամադրված անշարժ գույքի և դրա օգտագրծողների վերաբերյալ տեղեկությունների հաշվառումը.

32) պետական գույքի արդյունավետ կառավարման նպատակով նախարարին ներկայացնում է առաջարկություններ և իր լիազորությունների շրջանակում ընդունում է իրավական ակտեր․

33) իրականացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարումը և կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ներկայացնում է առաջարկություններ․

34) առևտրային կազմակերպությունների պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսի (բաժնեմասի) լուծարման և ֆինանսական առողջացման ոլորտներում մշակում և նախարարին է ներկայացնում իրավաբանական անձանց լուծարման կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ առաջարկությունները․

35) մշակում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը և ներկայացնում նախարարին, դրանք ընդունվելուց հետո իրականացնում է հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացը․

36) իրականացնում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն, գնահատում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության մակարդակը, այդ թվում նաև գործադիր մարմինների ղեկավարների աշխատանքը և գնահատման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ խրախուսման կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ․

37) բնակչության սոցիալական խնդիրների լուծման նպատակով իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացն ու կնքում պայմանագիր․

38) իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում ուսուցչի տներում, բնակելի շենքերում փաստացի բնակվող և հաշվառված Հայաստանի Հանրապետության կարիքավոր քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավումը.

39) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու աշխատանքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է համապատասխան պայմանագրեր․

40) ներկայացնում է առաջարկություններ պետական գույքի կառավարման ոլորտում կատարվող ծախսերի օպտիմալացման և խնայողության վերաբերյալ.

41) իրականացնում է պետական գույքի մասնավորեցումից, օտարումից, օգտագործման տրամադրումից և ծառայությունների մատուցումից Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների մուտքերի կանխատեսումները, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ կատարված կանխատեսումների իրականացման վերաբերյալ,

42)պետական շենք, շինությունների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատման վերաբերյալ սեյսմիկ եզրակացության առկայության, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրերի, կամ քաղաքաշինական նախագծերի իրականացման արդյունքներում առաջացող հիմնավոր պահանջի հիմքերով կոմիտեի տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնված անշարժ գույքի քանդման մասին ընդունում է որոշում․

43)սույն կանոնադրությանը համապատասխան հսկողություն է իրականացնում Կոմիտեի քաղաքացիական ծառայողի պարտականությունների և վարքագծի կանոնների պահպանման ուղղությամբ, անցկացնում է ծառայողական քննություններ և ընդունում որոշումներ. 

44) ապահովում է կոմիտեի համակարգում զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը:

45) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ գործառույթներ.

IV. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

  1. Կոմիտեի կառավարումն իրականացնում է նախարարը:
  2. Նախարարը՝

1) հաստատում է կոմիտեի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ․

2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները․

3) իրականացնում է կոմիտեի գործունեության վերահսկողությունը․

4) լսում է կոմիտեի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները․

5) վերահսկողություն է իրականացնում կոմիտեին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ․

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

  1. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:
  2. Կոմիտեի նախագահին անմիջական հաշվետու են կոմիտեի նախագահի տեղակալները, գլխավոր քարտուղարը, կոմիտեի նախագահի օգնականները, կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
  3. Կոմիտեի նախագահին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:
  4. Կոմիտեի նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին:
  5. Կոմիտեի նախագահը՝

1) պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իրականացնում է կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կառավարումը.

4) օրենքով կամ կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում՝ իր լիազորությունների սահմանում կատարում է պաշտոնի նշանակում և ազատում, ինչպես նաև կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

7) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

8) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականներ.

10) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

11) սույն կանոնադրությամբ նախատեսված, իր լիազորությունների սահմանում, ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր։

  1. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է կոմիտեի նախագահի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
  2. Կոմիտեի հաստիքացուցակը կոմիտեի նախագահի առաջարկությամբ հաստատում է նախարարը:
  3. Կոմիտեի նախագահի տեղակալը՝

1) գործում է կոմիտեի նախագահից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված ոլորտում․

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպություններին փոխանցում է կոմիտեի նախագահի հանձնարարականները, ապահովում է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կողմից կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի նախագահին․

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ․

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ․

5) իրականացնում է կոմիտեի նախագահի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

  1. Կոմիտեի գլխավոր քարտուղարը՝

1) իրականացնում է կոմիտեի իրավասության սահմաններում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականությունների ձեռք բերում․

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է կոմիտեի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար.

3) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան՝ անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

4) օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում պետությանը իր մեղքով պատճառած վնասի համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է լուծել նաև նրա` պետությանը պատճառած վնասի հատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով պետությանը պատճառած վնասը հատուցում է սույն մասի պահանջը խախտած անձը.

5) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

6) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կոմիտեին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

7) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

8) կոմիտեի նախագահին է ներկայացնում առաջարկություններ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ․

9) կոմիտեի նախագահին է ներկայացնում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն․

10) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է կոմիտեի նախագահի տեղակալների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ․

11) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին և կազմակերպություններին փոխանցում է կոմիտեի նախագահի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի նախագահին,

12) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր և (կամ) կոմիտեի նախագահի և (կամ) կոմիտեի նախագահի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ․

13) ունի տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին։

24․ Գլխավոր քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով: 

V. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

25․ Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

  • պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչությունը․
  • պետական բաժնեմասի կառավարման վարչությունը․
  • պետական գույքի տնօրինման վարչությունը.
  • պայմանագրերի կնքման և պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժինը։

26․ Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

  • հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությունը.
  • քարտուղարությունը․
  • անձնակազմի կառավարման բաժինը․
  • առաջին բաժինը.
  • իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժինը։ 
  • Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է կոմիտեի նախագահը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները:                                      

VI. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒՅՔԸ

  • Կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
  • Կոմիտեի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
  • Կոմիտեին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  • Կոմիտեն տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Կոմիտեն վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:
  2. Կոմիտեի ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:
  3. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:
  4. Կոմիտեի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով: