Պետական գույքի կառավարման կոմիտեում կայացավ աշխատանքային քննարկում՝ Կոմիտեի ղեկավարության, ստորաբաժանումների պատասխանտուների, ԲՏԱ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց Կոմիտեի գործառույթների թվայնացման և կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկների փաթեթը։
Առաջարկները վերաբերում են Կոմիտեի ծառայությունների և ակտիվների կառավարման թվայնացմանը, մեկ միասնական շտեմարանի ձևավորմանը, ինչպես նաև կառույցի գործառույթների վերլուծության և գործընթացների քարտեզագրման արդյունքում մշակված հայեցակարգային փոփոխություններին։ Ներկայացվեցին նաև առկա գործընթացների թերությունները և թվայնացման առաջարկների առավելությունները։
Կոմիտեի ստորաբաժանումների հետ ամիսներ շարունակ տարվել են համատեղ աշխատանքներ՝ գործառույթների վերլուծության և գործընթացների քարտեզագրման ուղղությամբ։ Աշխատանքների հիման վրա ներկայացվել են մի շարք համակարգային փոփոխություններ, որոնց իրագործման դեպքում հնարավոր կլինի բարձրացնել կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Քննարկման ավարտին Կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ընդգծեց․ «Անհրաժեշտ է մշակել աշխատանքների կառավարման հստակ համակարգ։ Եթե ներքին գործընթացները թվայնացված, ավելի վերահսկելի և հաշվետվողական լինեն, ապա Կոմիտեի և հասարակության համագործակցությունը կպարզեցվի՝ նվազեցված բյուրոկրատիայի պայմաններում»։
Քննարկումները կշարունակվեն աշխատանքային խմբի ձևաչափով, և առաջիկայում Գործակալության կողմից կներկայացվի թվայնացման ծրագրի ներդրման գործողությունների հստակ ճանապարհային քարտեզը։