Դեկտեմբերի 8-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի են ունեցել ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» և «Արմենիկում» ՓԲԸ-ների բաժնետերերի արտահերթ ժողովները, որոնք վարել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։ Քննարկմանը մասնակցել են կոմիտեի նախագահի` ոլորտը համակարգող տեղակալ Գ. Հովսեփյանը, պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Օրակարգում ընդգրկված են եղել ընկերությունների 2024 թ. վարչակազմակերպական կառուցվածքի, հաստիքացուցակի և ծախսերի նախահաշվի հաստատման հարցերը:
Բացի օրակարգային հարցերից՝ ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ, տնօրենի պարտականությունները կատարող Ա. Ասատրյանը և «Արմենիկում» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թառոյանը կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանին ներկայացրել են ընկերությունների 2023 թ. գործունեության ինն ամիսների հաշվետվությունը: «Արմենիկում» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թառոյանը ներկայացրել է զեկույց առկա խնդիրների և ընկերության հետագա գործունեության վերաբերյալ։ Վերջինս նաև պատասխանել է ներկաների հարցերին։
Ընկերությունների գործունեության ամփոփման, անցնող տարվա նախահաշվի և կատարողականի համադրումից հետո անդրադարձ է կատարվել 2024 նախահաշվին: Ա. Ավետիսյանը նշել է, որ բոլոր դեպքերում պետք է բարձրացվի ընկերությունների արդյունավետությունը։
Քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր, տրվել հանձնարարականներ։
««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» և «Արմենիկում» ՓԲԸ-ները ընդգրկված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում։ Ընկերությունների 100 % պետական բաժնետոմսերը Պետական գույքի կառավարման կոմիտեին անցել են 2022 թ. օգոստոսին։ ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ի գործունեության հիմնական տեսակները էլեկտրաէներգիայի արտադրությունն ու վաճառքն են, սպառողը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։