Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2022 թ. տարեկան հաշվետվությունը

27/01/2023 Նորություններ

Հունվարի 27-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2022 թ. տարեկան գործունեության հաշվետվության ներկայացումը կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանի, նախագահի տեղակալ Գ. Բաբայանի, գլխավոր քարտուղար Մ. Մարգարյանի, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Հաշվետվությունը ներկայացրել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ա. Խլոյանը։ Ներկա են եղել նաև ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալներ Լ. Զաքարյանը և Ա. Առաքելյանը։

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Ա. Ավետիսյանը շնորհավորել է Ա. Խլոյանին «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն նշանակվելու կապակցությամբ։ Կոմիտեի նախագահը նշել է՝ լիահույս է, որ աշխատանքային գործունեության այն ընթացքը, որը եղել է վերջին ամիսներին Ա. Խլոյանի՝ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակահատվածում, կշարունակվի։

Հաշվետվությունը վերաբերել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղություններին՝ հաշվառում, գույքագրում, սպասարկում, գնահատում, աճուրդների կազմակերպում և այլն։ Ա. Խլոյանը նշել է, որ հաշվետու տարում ՊՈԱԿ-ը աշխատել է բարձր արդյունավետությամբ, ինչի վկայությունը մի շարք ցուցանիշներն են, այդ թվում՝ օտարման նպատակով շուրջ հինգ տասնյակ անշարժ գույքի և շուրջ 650 շարժական գույքի գնահատումը։ Հաշվետու տարում գնահատվել է նաև մեկ ընկերության գույք՝ ներառյալ 14 շենք-շինությունները և 16 միավոր մեքենա-սարքավորումները։

Ա. Խլոյանը նշել է, որ ըստ ամփոփված աճուրդների արդյունքների՝ նախորդ տարում ՊՈԱԿ-ի կողմից վաճառքի է ներկայացվել շուրջ 1400 լոտ, որից վաճառվել է 431-ը։ Արդյունքում օտարվող գույքի, մասնավորեցվող, լուծարվող ընկերությունների վաճառված գույքի ընդհանուր վաճառքի գինը գերազանցել է երեք միլիարդ դրամը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանը նշել է, որ պետք է անել առավելագույնս եղած արդյունքներով  չբավարարվելու և նոր նշաձողեր սահմանելու համար։ Ըստ Ա. Ավետիսյանի՝ ՊՈԱԿ-ն ունի այդ ներուժը, իսկ կոմիտեն պատրաստ է ամեն ինչով օժանդակելու վերջինիս։ Կոմիտեի նախագահը ընդգծել է, որ այդ ներուժը տեսնում է նաև ձեռնարկատիրական գործունեության ուղղությունների հստակեցման մեջ, ուստի ակնկալում է առաջիկա ամիսներին այդ ուղղությամբ կոնկրետ արդյունքների առկայություն։

Հաշվետվությունը ներկայացնելուց հետո ՊՈԱԿ-ի տնօրենությանը տրվել են հանձնարարականներ և սահմանվել վերջնաժամկետներ։