Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Մասնավորեցված «լքված» շենքեր չպետք է լինեն.

14/06/2019 Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո պետական գույքի կառավարման կոմիտեն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կազմում է գործելու՝ դարձյալ որպես կոմիտե։


Ի՞նչ փոփոխություններ, խնդիրների լուծումներ ու արդյունքներ են սպասվում ոլորտում. «ՀՀ»—ն զրուցել է կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ։


–Պարոն Բաբայան, գույքի կառավարման արդյունավետության լավագույն ձեւերից է այն սեփականության հանձնելը։ Պետական գույքի կառավարման արդյունավետության վերահսկման ի՞նչ մեխանիզմներ կան, եւ ոչ արդյունավետության պարագայում խնդրի լուծման ի՞նչ տարբերակ է գործում։

–Կառավարության որոշմամբ վարձակալության տրված կամ վաճառքի հանված գույքի առումով կան պայմանագրային պարտավորություններ, որոնք պետք է պաշտաճ կատարվեն։ Դրանք հիմնականում ներդրումների կամ որոշ աշխատատեղեր բացելու պարտավորություններ են։ Իհարկե, այդ ոլորտում էլ մենք ունեցել ենք խնդիրներ, երբ նախկին բացթողումները ժամանակ առ ժամանակ երեւան են եկել։ Հիմա փորձում ենք հնարավորինս կարգավորել, որպեսզի որեւէ խնդիր չլինի։ Խոսքը բարձր մակարդակով վերահսկողության եւ պարտականությունները չկատարելու դեպքում համապատասխան միջոցներ կիրառելու մասին է։


–Որո՞նք են լինելու ոլորտում առաջիկա անելիքները, եւ դեռեւս չլուծված ի՞նչ առաջնային խնդիրներ կան։


–Խնդիրների «գույքագրումն» ըստ էության ավարտվել է։ Խնդիրներից է հիմնականում չօգտագործվող գույքի արդյունավետ տնօրինումը, որոշ դեպքերում վաճառքը, մասնավորեցումը կամ վարձակալության տալը, թվայնացման անցնելու մեր ուղենիշը՝ թե՛ աճուրդների, թե՛ առհասարակ գույքագրման ու հաշվառման մասով, եւ հանրության համար թափանցիկության ապահովումը։ Այս ուղղությամբ շատ քայլեր են արվել։ Եվ վերջերս կառավարությունը որոշում ընդունեց պետական գույքի ինտեգրացված բազայի անցնելու մասով։
Խոշոր գույքի օտարման վերաբերյալ շատ շուտով կունենանք կառավարության որոշում, որի համաձայն կսահմանվի ընթացակարգը եւ հիմնականում Երեւանի, Երեւանի կենտրոնի որոշակի գույքի վաճառքի հարցը կքննարկվի։ Կարծում եմ՝ դա լուրջ խթան կհանդիսանա շինարարության, տնտեսության ու ներդրումների համար։ Իհարկե, կլինեն նաեւ նոր մոտեցումներ։


–Ձեր ղեկավարման ժամանակահատվածում քաղաքականության փոփոխություն եղե՞լ է։


–Այս ընթացքում, իհարկե, բավականին աշխատանք է կատարվել։ Տարբեր բացահայտումներ են եղել։ Չարաշահումների, օրենքների խախտումների մասին տեղեկատվությունն ուղարկել ենք իրավապահ մարմիններին։ Մի շարք ընթացակարգեր, հասկանալով կոռուպցիոն ռիսկերը, փոփոխել ենք։ Պարզ օրինակ նշեմ՝ որոշվել է, որ վարձակալության պայմանագրերը պետք է տրվեն աճուրդի։ Հետեւաբար պայմանագիրը ժամկետի ավարտից հետո մեխանիկորեն չի վերակնքվի, որովհետեւ ժամանակին գույքն այլ կերպ է գնահատված եղել, եւ գուցե շուկայական նախկին գինը բոլորովին այլ է եղել։ Ներկայումս նորից պետք է աճուրդի մասնակցի։ Ու շատ դեպքերում գույքը վարձակալության աճուրդի տանելով, շատ ավելի նպաստավոր պայմաններով ենք կարողանում վարձակալության տալ ու լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջե։

 

Նշեմ, որ այս ընթացքում մրցույթ չենք իրականացրել, բայց հասկացել ենք՝ ինչ խութեր կային, ինչպես են իրականացվել այդ մրցույթները, որ շատ դեպքերում անհասանելի են եղել։ Բարդ ընթացակարգ է եղել եւ հնարավորություն՝ նախապես իմանալու, թե ովքեր են մասնակիցները, գնային ինչ առաջարկներ ունեն՝ ըստ այդմ կանխորոշելով մրցույթի հաղթողին։ Մրցույթի ընթացակարգն այդ իմաստով փոխել ենք։ Եվ որպեսզի չունենանք դեպքեր, երբ գույքը գնվում է ու ոչինչ չի արվում, պետք է նաեւ ժամկետ սահմանված լինի, որ, կախված շինարարության ծավալից, մեր վաճառած գույքը 2, 3, 4 տարվա ընթացքում պետք է ավարտուն տեսք ունենա։ Առնվազն մեկ, երկու պայման պետք է դրվի վաճառքի համար։ Այդ իմաստով դասական աճուրդը ուզում ենք թողնել երկրորդ պլան՝ Երեւանի կենտրոնի դեպքում կիրառենք մրցույթների տարբերակը։

 

–Շա՞տ են մասնավորեցված ու գույքի մասով ոչ մի աշխատանք չկատարելու դեպքերը։

–Վստահ եմ՝ Ամիրյան, Սարյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով քայլելիս, կնկատեք՝ առանձին շենքեր դատարկ են։ Խոսքն այն մասին է, որ ժամանակին՝ չեմ կարող ասել երբ, աճուրդային տարբերակով է վաճառվել եւ սեփականատերը որեւէ պարտավորություն չունի։ 

 

–Պետական գույքի մասնավորեցմանը քաղաքացիների վերաբերմունքը միանշանակ չէ։ Նման դեպքերում երբեմն արձագանքում են՝ «սա էլ ծախեցին»։

–Տարիներ շարունակ եղել են լուրջ կասկածներ, համոզմունք, որ վաճառվածը ծառայել է կոնկրետ մարդկանց անձնական շահերին։ Բնական է, որ պետք է բացասական վերաբերմունք ունենային այն ժամանակ։ Հիմա բացասական վերաբերմունք չպետք է ունենան։ Մենք պետք է մանրակրկիտ ցույց տանք, որ ցանկացած գործարք բաց է, թափանցիկ, որեւէ պաշտոնյա դրանից եկամուտ չի ունեցել, չի ունենալու, եւ ամբողջ շահույթը հանրության սեփականությունն է։ Երբ մարդիկ տեսնեն, որ այդ գործարքներն իրականացնող իշխանության ներկայացուցիչները թռիչքաձեւ չեն հարստանում, բոլոր կասկածները կփարատվեն։

–Կառավարության կառուցվածքային փոփոխությունից հետո, նախարարությունների միավորման պայմաններում տարածքային ի՞նչ խնդիրներ են առաջանում ու ի՞նչ օպտիմալ լուծումներ են տրվում։


–Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դեպքում սպորտի բլոկն առայժմ առանձին է։ Մտադրություն կա սպորտի բլոկը նույնպես տեղափոխել միավորված նախարարությունների շենք։ Նույն շենքում միավորելու խնդիր կա նաեւ էկոնոմիկայի նախարարության դեպքում, որը ներառել է գյուղատնտեսության նախարարությունը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության դեպքում էլ խնդիր կա՝ առաջնահերթ միավորել տրանսպորտի բլոկը եւ հետագայում հնարավորինս մոտեցնել նաեւ Պետական գույքի կառավարման կոմիտեի ու Ջրային կոմիտեի անձնակազմերը։ Եթե հնարավոր լինի կառավարական 3—րդ շենքում՝ ապա այդտեղ։ 


–Պետական նաեւ շարժական գույքին անդրադառնալով՝ օգտագործման հետ կապված ի՞նչ ռիսկեր կան։

–Շարժական գույքի դեպքում խոսքը հիմնականում մեքենաների մասին է։ ՊՈԱԿ—ների հետ կապված դեպքեր ունենք ու տվյալները ամփոփելուց հետո, պետք է փոխանցենք իրավապահներին։ Նաեւ կարիք կա կատարելու համապատասխան գույքագրում, որպեսզի շատ ավելի հին, «մաշված» մեքենաները փոխարինվեն ավելի թարմերով ու հները վաճառվեն։ Ի վերջո, դրանք մի օր կանգնելու են, եւ կարիք է լինելու նորը գնելու, որն ավելի մեծ ծախս է պահանջելու։ 


–Կոռուպցիոն ի՞նչ երեւույթներ են դրսեւորվում։

–Այն, ինչ նկատել ու նկատում ենք, կամ հայտնում են մեզ՝ ուսումնասիրում եւ ուղարկում ենք իրավապահ մարմիններին։ Իսկ վաճառված հայտնի շենքերի հետ կապված գործընթանցները տեղի են ունեցել ավելի վաղ, քան 10 տարին է։ Վաղեմության ժամկետ գոյություն ունի։ Եթե նույնիսկ ապացուցվում է որեւէ անձի մեղավորությունը, նա հղում է կատարում վաղեմության ժամկետին։ Այդ հարցի լուծումն արդեն այլ տիրույթում է։ Երբեմն հիմնավոր կասկածները մնում են, բայց, ցավոք, փաստաթղթերով դժվար է լինում ապացուցել, որ կոռուպցիա է եղել։